Գիտելիքի օր

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ.
📚Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկա, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, և մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից։
🧑🏻‍🏫Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ, հատկապես՝ ուսուցիչներին։
Սիրելի’ մանկավարժներ՝ նվիրյալ մարդիկ, որ անցած կես տարում ուժ ու եռանդ գտաք արտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար։ Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, պարտաճանաչ անցկացնել դասերը, արագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում։ Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի հաղթանակի և բնականոն գործունեությանը վերադառնալու հաջող մեկնարկ։
🙋Սիրելի’ աշակերտներ, դուք եք մեր դաշնակիցն ու հենարանը։ Հորդորում եմ որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները, ձեր վարքով և պատրաստակամությամբ օգնել թե’ ուսուցիչներին, թե’ ձեր ընտանիքների ավագ անդամներին` օր առաջ հաղթահարելու մեր պետությանը պատուհասած այս մարտահրավերը, հաղթելու այս կռվում։ Ի վերջո, կրթության
նպատակը մեկն է՝ ձևավորել բանիմաց և օրինապահ քաղաքացի, հայրենասեր և ստեղծարար անհատ։
Կոչ եմ անում ձեզ այս օրերին հոգ տանել ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների մասին, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի։
🔅Կրկին շնորհավորում եմ, թող գիտելիքի լույսն ու ուժը բոլորիս ուղեկից լինի։