Պատմություն

Կարբիի  միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1973 թվականին: 1989 թվականին դպրոցն անվանակոչվել է Վահան Թեքեյանի անունով: Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը երկար տարիներ տնօրինել է Ա. Օհանյանը, որի շնորհիվ այն բազում հաջողությունների է հասել և սերտ կապեր է հաստատել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հետ: Դպրոցի աշակերտներն իրենց հմուտ ուսուցիչների շնորհիվ մասնակցել են օլիմպիադաների և բազմաթիվ մրցանակներ են շահել տարբեր առարկաներից, յուրաքանչյուր տարի շրջանավարտներից շատերը ուսումը շարունակում են ԲՈՒՀ-երում կամ այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Դպրոցում շատ են վաստակաշատ և նվիրյալ ուսուցիչները, որոնք իրենց դասերը վարում են բարձր մակարդակով և ժամանակակից մեթոդներով: Լևոն Հովհաննիսյանն ունի ավագ ուսուցչի կոչում, բազմաթիվ անգամներ ճանաչվել է Արագածոտնի մարզի ֆիզիկայի լավագույն ուսուցիչ: Սեդա Հովհաննիսյանն արժանացել է  վաստակավոր ուսուցչուհի կոչմանը: Մարիետա Մկրտչյանն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ դիպլոմների, շնորհակալագրերի, ճանաչվել է մարզի երաժշտության լավագույն ուսուցչուհի:

Ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանն ունի ուսուցչի որակավորման տարակարգ, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, միջազգային մրցանակների և դիպլոմների: 2017 թվականին ճանաչվել է հաղթող «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» միջազգային մրցույթում: 2018 թվականին արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի հատուկ մրցանակի: 2019 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ՝ ստանալով շնորհակալագիր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից և հատուկ մրցանակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Դպրոցն աչքի է ընկնում նաև գեղեցիկ միջոցառումներով, բաց դասերով և տեսադասերով: Դպրոցն ունի համակարգչային սենյակ, երեխաները մեծ սիրով մասնակցում են ինֆորմատիկայի դասերին և հմուտ մասնագետ Վարդանուշ Հովհաննիսյանի շնորհիվ սիրով սովորում են նորագույն տեխնոլոգիաների հմտություններն ու քայլում ժամանակին համընթաց: 2017 թվականին 5 հոգանոց աղջիկների խմբով մասնակցելով «Tecհnovation 2017» միջազգային մրցույթին՝ «Կրթություն» անվանակարգում  գրավել են առաջին տեղը և մասնակցելով Սիլիկոնյան հովտում, Գուգլի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած գագաթաժողովին՝ մրցանակաբաշխության ժամանակ, բացի հատուկ մրցանակից, արժանացել են նաև  «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին, թիմին հատուկ շնորհավորել է Գուգլի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը: 2017 թվականի սեպտեմբերին, ԱՄՆ –ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (USC) ում մասնակցել են «Innovate Armenia 2017» միջազգային փառատոնին:

Դպրոցն աչքի է ընկել նաև իր երգչախմբով՝ Մարիետա Մկրտչյանի գլխավորությամբ: Մարիետա Մկրտչյանն իր երգչախմբով բազմաթիվ անգամ զարդարել է տարբեր միջոցառումների գեղարվեստական մասը, արժանացել է պատվոգրերի և դիպլոմների և հրաշալի միջոցառումներ է կազմակերպել նաև դպրոցում:

Սպորտի ասպարեզում ևս դպրոցն ունի բազում հաջողություններ: Դպրոցի շատ սաներ սպորտի ասպարեզում հաջողություններ են ունեցել նաև հանրապետությունից դուրս՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում գրավել են պատվավոր առաջին հորիզոնականներ, դարձել գավաթակիրներ՝  պատվով ներկայացնելով մեր երկիրը աշխարհին:

Դպրոցում գործում են նաև պարի խմբեր, որոնք Հայաստանում և արտերկրում ելույթներ են ունեցել և մրցանակներ ստացել:  Դպրոցի համադպրոցական և դասարանական միջոցառումների ժամանակ պարի խմբի սաները աչքի են ընկնում իրենց գեղեցիկ ելույթներով: